Երկու եղբայր, երկուսն էլ հայրենիքի զինվորը։ Գոռ Հակոբյանը պայմանագրային զինծառայող էր, սահմանապահ զորքերում էր ծառայում, Գեւորգ Հակոբյանը՝ Պաշտպանության նախարարությունում է աշխատում։ Արցախյան երկրորդ պատերազմը ցավալիորեն կտրեց Գոռի կյանքի թելը։ Գևորգի կրտսեր եղբայրը՝ Գոռը զոհվեց հանուն հայրենիքի, անշնչացած մարմինը թողնելով Արցախի այն հատվածում, որի յուրաքանչյուր թուփի ու միլիմետրի համար նետվել էր պայքարի։

Գոռ Հակոբյանը ծնվել էր 1992 թվականին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Կյանքը նրան նվիրել էր հրաշալի բնություն, ինքն էլ գնաց ձուլվելու այդ բնությանը։

Irakanum.am-ի հետ զրույցում անմահացած Գոռ Հակոբյանի եղբայրը՝ Գեւորգ Հակոբյանը պատմեց, որ եղբայրը 2014 թվականից ծառայում էր հայրենիքին։ «Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել սահմանապահ զորքերի կազմում, նույնը այս պատերազմի ժամանակ՝ Զանգելանի շրջանի պաշտպանությանն է մասնակցել ու ԱԹՍ-ի հարվածից նոյեմբերի 7-ին զոհվել է»,- ասաց Գևորգ Հակոբյանը։ Իր մինուճար եղբայրն էր, տան կրտսերը։ Գեւորգի համար եղբոր մասին անցյալով խոսել չի ստացվում, արցունքները զսպել չի կարողանում, հիշողությունները Գոռի մասին միշտ ուղեկցելու են իրեն։

Բնավորությամբ համեստ, բարի ու ընկերասեր։ Գևորգն ասում է, անհամեստություն թող չթվա, բայց ինքն ու եղբայրը հայրենասիրությունից դրդված են ընտրել զինվորականի ուղին։ «Հայրենասիրությունն իր դերն ունեցել է։ Գոռիս մասին էն կասեմ, որ ինքն ապրում էր Գարեգին Նժդեհով ու Պարույր Սևակով։ Իր համար այդ մարդիկ եղել են իդեալներ, ինքն ապրել է իրենց մտքերով»,- ասաց Գևորգ Հակոբյանը։

Գոռ Հակոբյանը բացի այն, որ ծառայում էր սահմանապահ զորքերում, այլ մասնագիտություն էլ ուներ՝ նկարիչ էր։ «Իրա երազանքը ցուցահանդես կազմակերպելն էր, որը իր ողջ լինելու ընթացքում չստացվեց, հիմա մեր ու իր ընկերների շնորհիվ էդ գործը կազմակերպում ենք»։ Վաղը՝ մարտի 12-ին Նկարիչների միությունում կներկայացվի անմահացած հերոս Գոռ Հակոբյանի անհատական աշխատանքները։ Աշխատանքները տարբեր են, դիմանկարներից մինչև՝ բնանկարներ։ Եղբոր երազանքը կատարելը Գևորգի համար ոչ միայն պարտք է, այլ՝ պարտականություն։
Գևորգը պատմեց, որ հայրը մահացած է, ինքն ընտանիքով Երևանում է բնակվում, եղբայրը՝ մոր հետ ապրել է հարազատ գյուղում։ Գոռի զոհվելուց հետո մայրն էլ է տեղափոխվել ավագ որդու մոտ։ Գոռի մարմին ամփոփված է հարազատ համայնքում։

Հեռավորությունը, սակայն Գևորգին ու նրա մայրիկին չի խանգարում հաճախակի այցելել գերեզման, ուր մշտապես թարմ ծաղիկներ են դրված, Գևորգն էլ եղբոր հետ խոսելու շատ բան ունի։ «Ես իրան լիքը պատմելու, ասելու բան ունեմ, իր հետ խորհդակցելու կարիք միշտ ունեմ»,- եզրափակեց Գևորգ Հակոբյանը։

Փայլակ Ֆահրադյան