Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսվում է մարտի 10-ին: Այդ օրը կոչվում է Միջինք:

Մեծ Պահքը ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը նախանշում է, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալու սեփական կյանքին, ներելու, կարևորելու սեփական անձը և բարեգործություն անելու:

Ըստ Մաղաքիա արքեպս. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ շրջանում պահեցողները օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Մեծ պասը լուծվում է Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի և որ գլխավորն է ու Մեծ պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել: