Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 5-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes GL 63 մակնիշի T 777 TT 777 RUS համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ կեսգիշերն անց դժոխային արագությամբ վարելով ավտոմեքենան՝ Մյասնիկյան պողոտայում անհանգստություն է պատճառում վարորդներին։
Տեղեկությունը փոխանցվում է Երևանի ՃՈ պետ Խ. Սամվելյանին, ու 1-2 օրվա ընթացքում վերջինս հայտնաբերում է ավտոմեքենան և իր կարգադրությամբ այն տեղափոխում են «գաի պլաշչադկա»։
Պարզվում է, որ ավտոմեքենայի համարանիշները Ռուսաստանի Դաշնությունից բերված են և մեքենայի վրա տեղադրվել են անօրինական եղանակով։