Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում, որի գործադիր մարմինն է Շրջակա միջավայրի նախարարությունը, ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնյաճյուղին։

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանվող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:

Ծրագրի դոնոր կազմակերպությունն է գերմանական KfW բանկը։