Զինված ուժերի կապիտան Կոլյա Արիստակեսյանի 30-ամյակը կլրանար 2020 թվականի նոյեմբերին, սակայն արցախյան երրորդ պատերազմը կտրեց նրա կյանքի թելը:

«15 օր բարձրանում էր դիրքեր, 15 օր զորամասում էր լինում, դիրքերից իջեցրել են ու նույն օրը ուղարկել Ղարաբաղ:

Հոկտեմբերի 10-ին վերջին անգամ քրոջ հետ խոսել է, դրանից հետո արդեն անհասանելի էր»,-Irakanum.am-ի հետ զրույցում պատմում է սպայի հայրը՝ Ռաֆիկ Արիստակեսյանը:

Կոլյան Արցախ գնալու մասին հայտնել է միայն եղբորը ու զգուշացրել, որ ծնողներին չասի:

Վերջիններս որդու՝ պատերազմին մասնակցելու մասին արդեն իմացել են նրա զոհվելուց հետո: Հայրն ասում է՝ կարծես թե կանխազգացել է, որ որդու հետ դժբախտություն է պատահել: Հեռախոսով որդու հետ կապ հաստատել չի կարողացել, գնացել է ծառայության վայր՝ Վայքի զորամաս, սակայն այնտեղ էլ որևէ տեղեկություն չեն հայտնել:

Ռաֆիկ Արիստակեսյանը որդու մարմինը հայտնաբերել է հոկտեմբերի 14-ին, Գորիսի դիահերձարանում:

Վերջինս արցունքն աչքերին ասում է՝ երևի թե երջանիկ է այնքանով, որ որդու մարմինը կարողացել է գտնել:

Կոլյա Արիստակեսյանը ութ տարի է ծառայում էր հայրենիքին, ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայությունը սկզբում Կապանում է եղել, հետո՝ Նոյեմբերյանում, այնուհետև Վայքում: Արիստակեսյանները Սյունիքի մարզից են, ընտանիքն ապրում է Վաղատին գյուղում:

Կոլյա Արիստակեսյանը երկու մանկահասակ երեխա ունի, տղան՝ վեց տարեկան է, աղջկա երկուամյակը դեռ չի լրացել:

Կոլյան հոգատար հայր ու զավակ է եղել: Կոլյայի ծնողները երազում են խաղաղության մասին, հայրն ասում է՝ ամեն զոհի, անհետ կորածի ծնողի հետ արտասվում են, նրանց ցավը կիսում:

Հայրը նաև հավելում է՝ որդին ծառայությունը շատ էր սիրում, իր համար միանշանակ էր, որ պետք է զինվորական դառնա, նույնիսկ այն, որ առաջին անգամ չի ընդունվել ռազմական վարժարան, հետ չի պահել իրեն նման որոշումից:

Կոլյայի զոհվելուց հետո մարտական ընկերները շնորհակալություն են հայտնել Արիստակեսյան ամուսիններին նման տղա դաստիարակելու համար ու պնդել՝ իրենց որդին հերոս է:

Ընտանիքն այդպես էլ չի կարողացել պարզել` Կոլյան երբ է զոհվել, ենթադրում են` մարմինը մի քանի օր մարտի դաշտում է եղել:

 

 

Irakanum.am