ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, նախարարությունում կազմակերպվել է հանդիպում-քննարկում Հայաստանում գործող խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։

Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի (BSO) ղեկավար Գեւորգ Պողոսյանը, Տնտեսական մրցակցաության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները եւ խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչները:

Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առեւտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը եւ այլ խնդիրների, որոնց հանդիպում են ՓՄՁ սուբյեկտները:

Կազմակերպված քննարկման նպատակն էր՝ լսել խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներին, ներկայացնել վերջիններիս մատակարար ընկերությունների կողմից բարձրաձայնված խնդիրները եւ համատեղ գտնել առկա խնդիրների լուծման տարբերակներ։

Կարծիքներ են փոխանակվել մատակարարումների դիմաց վճարման ժամկետներ սահմանելու, տեղական արտադրանքի իրացման, առեւտրային ցանցերում գերփոքր եւ փոքր տնտեսվարողների կողմից առաջարկվող ապրանքների իրացման ժամանակ հարկման համակարգերի տարբերության պատճառով առաջացող խնդիրների, հարկման այլընտրանքային համակարգերի կիրառման հնարավորությունների, ապրանքների վերադարձելիության ժամկետների, մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաեւ, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է  խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առեւտրային ցանցերի եւ մատակարար ընկերությունների միջեւ բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:

Հանդիպման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված խնդիրները կհավաքագրվեն եւ կուսումնասիրվեն, նմանատիպ հանդիպում կանցկացվի նաեւ մատակարարների հետ՝ թե՛ մատակարարների եւ թե՛ խոշոր ցանցերի համար ձեռնտու լուծումներ գտնելու համար։