Երբ ասում եք, թե իշխանությունները կապ են տեսնում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ, եփած հավը դրա վրա կծիծաղի, ոչ թե կապ են տեսնում, այլ այդ մարդիկ հրապարակային հայտարարել են, որ ընկերներ են: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը, Մարուքյանն ասաց. «Իշխող խմբակցության ո՞ր պատռգամավորն է դատապարտել վարչապետի հայտարարությունը «վնգստացող դատավորների» վերաբերյալ: Չեն դատապարտել: ԲԴԽ նախագահն էլ այդ հայտարարությունը շրջել է իրենց դեմ: Մի արեք այդպիսի հայտարարություն, որ ուրիշներն էլ հղում չանեն այդ հայտարարությանը: Եթե իրենց ղեկավարն է արել դա նորմալ է, եթե ԲԴԽ նախագահն է այլ նյուանսով դա արել, դա դատապարտելի՞ է։ Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Ցանել են վնգստացող խոսակցություններ, հետ է եկել վնգստացող խոսակցություններ»։

Անդրադառնալով վարչապետի նկատմամբ մահափորձի գործին, Մարուքյանն ասաց. «Եթե այդ գործով ապացույցները լինեին ծանրակշիռ, դատավորները չէին մտնի այդ բեռի տակ եւ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանքը չընտրեին: Չի կարելի դատարան ուղարկել հում գործեր եւ դատարանից ակնկալել, որ այդ հում գործերով այնպիսի որոշումներ կայացնի, որ հետո պրոբլեմներ ունենա իր կայացրած որոշման հետ:

Շատ քիչ խոսվեց, օրինակ, Արարատ Միրզոյանի մասով, որը փորձ չի, կոնկրետ դեպք է: Այսինքն պատգամավորներն ավելի շատ փորձում էին վարչապետին հաճոյանալ»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է դատավորների՝ նախկին իշխանությունների հետ հնարավոր կապերին, Մարուքյանն ասում է՝ այս երկիրը դարձել է օդում խոսակցությունների երկիր․ «Եթե կա փաստ, որ մի դատավոր կաշառք է վերցրել, եթե կա փաստ, որ մեկը զանգել է դատավորին հրահանգ է տվել, բռնեք, կալանավորեք, դատեք, մենք էլ ծափահարենք, ասեք՝ էսինչ դատավորը անկախ չի, որովհետեւ հրահանգ է կատարում: Հո ասելով չի, եթե փաստ չկա, հեքիաթն ո՞ւմ է պետք»: