Pastinfo.am-ը գրում է. ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը չի բացառում, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը հենց իշխանությունների ստեղծած պրոյեկտն է։ Այս մասին նա ակնարկել է լրագրողների հետ զրույցում՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո։

Հիշեցնենք, որ 14 օր նախնական կալանքի տակ մնալուց հետո Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ազատ է արձակել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին՝ արձանագրելով նրան վերագրվող մեղադրանքում հիմնավոր կասկածի բացակայությունը։

«Ձեզ կտամ տասնյակ նախադեպեր, երբ ինչ-որ փտած կառույցներ, օրինակ՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որը հիմա ունի 1.5 մլն դոլար բյուջե, ինչպես են դաշտում ստեղծում բոբոներ և հիմնավորում այդ բյուջեի ուտելը»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա շատ հին մոտեցում է, որն անգամ եղել է 1905թ.։

Ի դեպ, տարիներ առաջ ՊՈԱԿ-ի ղեկավարը եղել է ինքը՝ Արա Սաղաթելյանը, որն այն ժամանակ ունեցել է 273 մլն դրամ բյուջե եւ հանդիսանում էր երկրի տեղեկատվական անվտանգությանը սպասարկող լրջագույն կառույց, միջազգային հարթակներում ակտիվ տեղեկատվական պատերազմ մղում Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ։

Նշենք, որ ֆեյքը, որի աշխատանքի կազմակերպումը վերագրվում էր Արա Սաղաթելյանին, սոցիալական ցանցում գրանցվել է 2018 թվականի հունիսին, իսկ Ա. Սաղաթելյանը Proton VPN հավելվածն սկսել է օգտագործել միայն 2020 թվականի աշնանը։ Իսկ հետաքրքիրն այն է, որ թեեւ այդ ֆեյքի գործով ձերբակալվել էր 4 անձ, սակայն այն շարունակում է իր գործունեությունը ու ինչպես այսօր նկատեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ԱԱԾ-ն քայլեր չի ձեռնարկումը այն փակելու ուղղությամբ։ Հակառակը՝ «ռասկրուդկա» է անում։

Սա ընդդիմադիր գործիչներին հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ ֆեյքը հենց իշխանական պրոյեկտ է, որը օգտագործում են ոչ ցանկալի ընդդիմախոսներին, վերլուծաբաններին մեկուսացնելու, լռեցնելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս նույն ֆեյքի գործով էր ձերբակալվել նաեւ Կարեն Բեքարյանը, բերման ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, առգրավվել նրանց աշխատանքային գործիքները, այդ թվում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում թույլ տրված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ նյութերը, որոնց հիման վրա ադրբեջանագետը միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա։

Աղբյուր` Փաստինֆո