Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկում չի ունեցել:

«Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, որովհետև պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելու, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի առաջարկը», — խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Խմբակցության մյուս պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, թե փաստ է՝ քաղաքական ճգնաժամը վաղ թե ուշ պետք է հաղթահարվի, հետևաբար արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։

«Խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է», — ասաց Միքայել Մելքումյանը։