Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում հանուն ժողովրդի կոնսենսուսի գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ, ՈւՀՄ երեւանյան շտաբի ղեկավար Ռուբեն Մակարյանը:

«Մեզ մտահոգում է Հայաստանում տիրող քաղաքական վիճակը: Բոլորը սպասում են, որ շուտով ներքաղաքական բարդ վիճակը կկարգավորվի, իսկ քաղաքական ուժերն ու ժողովուրդը փոխըմբռնման կհասնեն: Հայաստանի ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են դրված, որոնք պետք է լուծել»,-նշեց Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանում ներքաղաքական վիճակը լարվել է Ղարաբաղում պատերազմի ավարտից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որի արդյունքում Ադրբեջանին անցան 9 շրջաններ, որոնք 1994 թվականից վերահսկում էր հայկական կողմը (Ղարաբաղի շուրջ 7 շրջանները, ինչպես նաեւ Հադրութը եւ Շուշին):

Հայաստանի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, ԶՈւ Գլխավոր շտաբը, ինչպես նաեւ եկեղեցին, կրթական եւ մշակութային հաստատությունները պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը: