Այս պահի որևէ հարցով մենք չունենք համաձայնություն, բայց այն, որ պետք է մենք խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ ինչո՞ւ համաձայնություն չկայացավ, իր պահանջը առաջ քաշե՞ց՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնական չանելը՝ Մարուքյանը պատասխանեց. «Վարչապետը երկու հարցը իրար հետ չի կապում, մենք երկու հարցը իրար հետ ենք կապում, հիմա ինչու մնացած հարցով չի ստացվում կամ չգիտեմ ինչ, ես կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ես շատ եմ մտահոգված Զինած ուժերի ԳՇ ղեկավարության և կառավարության միջև առկա այս պրոցեսի հետ կապված և ես միշտ ասել եմ, որ որևէ ձևով մենք չպետք է Զինված ուժերը քաղաքականացնենք և ես ասում էի որ Զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, ընտրություններից հետո մնացածը կորոշենք։ Այստեղ ընտրությունները ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես որևէ ձևով այլ ճանապարհ չեմ տեսնում։ Կա կամք շարունակել այս բանակցությունները՝ ես այդ կամքը ունեմ, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք նաև՝ իրենց հետ բանակցությունները կլինեն, թե ոչ, որից հետո կշարունակենք խոսել»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ժամկետներում է պատկերացնում արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ Մարուքյանը նշեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապրիլի 25 կամ մայիսի 2 կլինի ընտրություններ՝ էդ մի հաշվարկը արել եմ, այսօր ներկայացրել եմ, հիմա մնացածը կքննարկենք»։