Մարտի  3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ  «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց  մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը  Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով բժշկական կենտրոնում ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Բժիշկներն էլ ոստիկաններին հայտնել են, որ նա այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար,  Գավառի ոստիկանները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13;30-ի սահմաններում Գավառի Բունիաթյան փողոցում, Պարգև Ս.-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ,  16-ամյա Ֆրունզե Չ.-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Պարգև Ս.-ին:

Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքներրի արդյունքում Ֆրունզե Չ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն: