ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խոսել է Արցախի հերոսի հետ, հո Էրդողանի ու Ալիևի հետ չի՞ ուղիղ կապ հաստատել։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը զրույց ունեցել է Օնիկ Գասպարյանի հետ, թե՝ ոչ։

«Ես էլ եմ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպել նոյեմբերի 10-ին՝ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ։ «Բարգավաճ Հայաստանն» էլ հանդիպել, Վանեցյանը և Էդմոն Մարուքյանը՝ նույնպես։ Օնիկ Գասպարյանն իրեն պահում էր որպես պետականամետ գործիչ և նրա միակ ուշքն ու միտքն այն է, որ Հայաստանում երկպառակտություն չլինի, քաղաքացիական բախում չլինի։ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում կարող է լինել, կարող է և չլինել։ Արգելվա՞ծ է։ Մի բան ակնհայտ է՝ Օնիկ Գասպարյանը խոսել է Արցախի հերոսի հետ, հո Էրդողանի ու Ալիևի հետ չի՞ ուղիղ կապ հասատատել»,- ասաց Շարմազանովը։

Հարցին, թե ինչու Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատելու որոշումն ուղարկեց Սահմանադրական դատարան, Շարմազանովը պատասխանեց․ «Միգուցե էս հողատու կապիտուլյանտը իրեն հատուկ ոճով շանտաժ կամ կոմպրոմատներ է դրել  դեմը, ի՞նչ իմանամ»։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել էր, որ ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, այն  շուտով հրապարակվելու է։