Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է, որ ուրբաթ առաքելական ուղևորության շրջանակներում կմեկնի Իրաք՝ չնայած մերձարևելյան այս երկրում տիրող ծանր իրավիճակին, գրում է Vatican News-ը։

«Աստծո կամքով, ես եռօրյա ուխտագնացության կմեկնեմ Իրաք: Ես վաղուց էի ցանկանում հանդիպել այս ժողովրդին, որն այդքան տառապել է»,- հայտարարել է հոգևորականը։

Բացի այդ, նա խնդրել է հավատացյալներին աղոթքով ուղեկցել իր ճանապարհորդությունը, որպեսզի այն տա սպասված պտուղները: Նա նաև հիշել է, որ Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ժամանակին ևս պատրաստվել է այցելել Իրաք, բայց դա նրան չի հաջողվել։

«Մենք չենք կարող երկրորդ անգամ հիասթափեցնել ժողովրդին: Եկեք աղոթենք, որ այս ուղևորությունը լավ անցնի», — ասել է հովվապետը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի սկզբին Սուրբ Աթոռը հայտարարել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 5-8-ը առաքելական այցով կգտնվի Իրաքում: Ուղևորության ընթացքում նա կայցելի Բաղդադ, Նաջաֆ, Էբրիլ և այլ քաղաքներ։

Հունվարին, իտալական Canale 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանրամասնել էր, որ COVID-19-ի համավարակի պատճառով իրեն ստիպել են չեղյալ հայտարարել մի շարք միջազգային այցեր և ընդգծել էր, որ լիովին համոզված չէ, թե իր իրաքյան ուղևորությունն արդյոք տեղի կունենա, թե ոչ։

Անցյալ հանգստյան օրերին հայտնի էր դարձել, որ Իրաքում առաքելական նվիրակը (Վատիկանի դեսպան) Միտյա Լեսկովարը վարակվել էր կորոնավիրուսով։ Ներկայում նա և Բաղդադի նունցիայի (պապական դիվանագիտություն,-խմբ.) այլ անդամներ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Այնուամենայնիվ, դա չպետք է ազդի պապական այցի ծրագրի վրա: