Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝

— դրամական աջակցություն,

— առողջության ապահովագրություն,

— բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,

— բնակարանի/տան տրամադրում,

— կրթության վճարի փոխհատուցում,

— պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,

— աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։

Նախագծի վերաբերյալ կարծիք և առաջարկ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հղումով»: