«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում, դրան զուգահեռ էլ, նկատենք, Մարությանը վերջերս քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի:

Խոսքն աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գաբրիելյանի մասին է, որը եղել է ՊԵԿ փոխնախագահ եւ ազատվել է աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում բացակայում է Գաբրիելյանի մասին տեղեկությունը, չկա անգամ լուսանկար:

Եվ, մեր տեղեկություններով, հենց Արա Գաբրիելյանը չի թողնում, որ իր պաշտոնական կենսագրությունն ու լուսանկարը տեղադրեն կայքում՝ հաշվի առնելով նաեւ իր ոչ այնքան մաքուր անցյալը: Երբ Փաշինյանի հրամանով Գաբրիելյանն ազատվեց այդ պաշտոնից, նշվում էր, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն:

Սակայն, բացի այդ, դժգոհություն ուներ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք նաեւ, որ Արա Գաբրիելյանն ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։

Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին եւ սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում