«Իսկանդեր»-ի վերաբերյալ հայտարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց հանրության մոտ, մամուլում տարբեր մեկնաբանություններ հրապարակվեցին, որ նման հայտարարություն է արվել՝ սխալ տեղեկություն զեկուցելու արդյունքում: Ի վերջո, ինչի՞ համար արվեց այդ հայտարարությունը, արդյո՞ք կանխատեսում էիք, որ այդ հայտարարությունը Մոսկվայում այդպիսի վրդովմունք կառաջացնի. այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նման հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ պարզաբանումները տրվել է վարչապետ խոսնակի կողմից, և այդտեղ որևէ ավելացնելու բան չկա. «Ինչ վերաբերում է ռուսական կողմի առաջարկին, կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ հարցը պարզաբանված է և որևէ խնդիր չկա»:

Արկադի խաչատրյանը կրկին հարց հնչեցրեց՝ ակնհայտ է չէ՞, որ «Իսկանդեր»–ը ռուսական ռազմարդյունաբերության հեղինակության մարտունակության հենասյուն է, երբ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարվում  է, որ «Իսկանդեր»-ը պայքարել է 10 տոկոսով, չի կարող չառաջացնել վրդովմունք Մոսկվայում, որովհետև դա արվել էր, ոչ թե շարքային քաղաքական գործչի կողմից, այլ «Իսկանդեր» ունեցող երկրի ղեկավարի կողմից, չե՞ք կարծում, որ նման հայտարարություններում, շատ ավելի պետք է զգուշավոր ու շրջահայաց լինել։

Հարցին Ավինյանը կրկին պատասխանեց. «Զգուշավորությունը որևէ մեկին չի խանգարի, բայց ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ պարզաբանված է հարցը, և վարչապետի խոսնակի կողմից տրված պարզաբանումներին ավելացնելու որևէ բան չկա»: