Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին ևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց:

Պատգամավորը վարչապետից պահանջեց ապացույցներ ներկայացնել, որ ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Մարուքյանը նաև հարցրեց՝ վարչապետը չի՞ քննարկել անձամբ ԳՇ գնալու և գեներալների հետ խոսելու հարցը, նաև հետաքրքրվեց՝ ի՞նչ է տեղի տեղի ունեցել Փաշինյանի և նրա մարտական եղբայրների միջև, որ գլխավոր հրամանատրին ընդդիմանում է բանակի ամբողջ ղեկավար կազմը:

Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ հարցերի հավելյալ պարզաբանման կարիք չկա: Նա ընդգծեց՝ վարչապետը հարկ եղած չափով հայտարարություններ է արել. «Եթե հավելյալ պարզաբանման կարիք լինի՝ անդրադարձ կլինի»:

«Զարմանում եմ՝ ինչո՞ւ ինքը չի պատասխանում: Պարո՛ն Ավինյան, հրապարակային հայտարարություն է արել, նման հայտարարություն ցանկացած գերատեչության ղեկավարի մասին կարող է արվել, վաղը կարող է ասեք՝ Արարատ Միրզոյանը չգիտեմ ինչ է արել Սերժ Սարգսյանի հրամանով, կարող է ասեք՝ Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում: Անհրաժետություն կա պարզաբանման, ձևավորված է հանրային ակնկալիք: Բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք: Եթե անհիմն մեղադրանք է դա, այստեղ աձանագրենք, անցնենք առաջ», — արձագանքեց Մարուքյանը: