Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը․ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա չէր։

Այս մասին հայտնում են ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական թիմից։

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ բարձրացել է ջերմությունը։ Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները կլինեն մի քանի ժամ հետո։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Արմեն Գևորգյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 9-ը՝ ժամը 13։00։