Երեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը շարունակում է անկում գրանցել. դոլարի թանկանալը բացասաբար է անդրադառնում թանկարժեք մետաղի արժեքի վրա, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է 0,67 տոկոսով կամ 11,6 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1711,4 դոլարի: Երկուշաբթի ոսկին էժանացել է 0,8 տոկոսով: Արծաթի մայիսյան ֆյուչերսը էժանացել է 2,22 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 26,085 դոլարի:

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում է 0,2 տոկոսով: Ինդիկատորն աճում է երկրորդ օրն անընդմեջ եւ փետրվարի 8-ից սկսած առաջին անգամ անցել է 91 կետից: Թանկ դոլարը ոսկին պակաս մատչելի է դարձնում այլ արժույթ տնօրինող ներդրողների համար:

Ներդրողները շարունակում են հետեւել նաեւ այլ գործոնների, որոնք ազդում են ոսկու գնանշումների վրա, այդ թվում՝ ԱՄՆ գանձապետարանի պարտատոմսերի եկամտաբերությանը եւ երկրի տնտեսության աջակցության փաթեթի ընդունման գործընթացին: