Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի  ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Ներսիկ Գրիգորյանը, սակայն, երբ բժիշկները արձանագրել են  քաղաքացու մահը, հետաքննիչները մեկնել են հիվանդանոց՝ վարորդի սթափության աստիճանը ստուգելու նպատակով:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  Մարտունու քննչական բաժին, որտեղից  ժամանել է  քննչական խումբը՝  հատկապես կարևորագույն  գործերով ավագ քննիչներ   Քոչար Քոչարյանի, Արթուր Մանուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ք. Քոչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: