Հունգարիան պետք է պատրաստվի համավարակի երրորդ ալիքի ժամանակ COVID-19-ի դեպքերի բռնկմանը` նոր կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան տարբերակների տարածման պատճառով, հայտարարել է գլխավոր վիրաբույժ Սեսիլիա Մյուլլերը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվա դրությամբ Հունգարիայում գրանցվել է վիրուսի հարավաֆրիկյան տարբերակի հինգ դեպք: «Համավարակն ահռելի տեմպերով զարգանում է Եվրոպայում եւ Հունգարիայում, դեպքերի թիվն օրեցօր ավելանում է, չնայած 721 000 մարդ արդեն ստացել է պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը»,- ասել է Մյուլլերը:

Անցյալ չորեքշաբթի օրվանից Հունգարիան պատվաստել է մոտ մեկ քառորդ միլիոն մարդու՝ դառնալով Եվրամիության առաջին անդամը, որը COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութից հետո սկսել է օգտագործել չինական Sinopharm ընկերության պատվաստանյութը:

Երկիրը նպատակ ունի մինչեւ չորեքշաբթի պատվաստել մոտավորապես 80 000 մարդու, չնայած մի քանի պաշտոնատար անձինք նախազգուշացրել են, որ համավարակի զսպման համար հնարավոր է լրացուցիչ սահմանափակումներ անհրաժեշտ լինեն:

Սահմանափակումները, որոնք ներդրվել են նոյեմբերից, ներառում են գիշերային պարետային ժամը, հյուրանոցների եւ ռեստորանների փակումը, բոլոր հավաքների արգելքը եւ միջնակարգ դպրոցներում հեռավար ուսուցումը: