Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը մտադիր է «անվտանգության հատուկ համաձայնագիր» մշակել Պարսից ծոցի արաբական դաշնակից երկրների հետ, որոնք ընդհանուր մտահոգություններ ունեն Իրանի վերաբերյալ:

Հանցը չի մեկնաբանել Կանի հանրային ռադիոյի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը դիտարկում է Պարսից ծոցի երկրների հետ պաշտպանական համաձայնագիրը, սակայն հայտարարել է, որ անվտանգության ոլորտում կապերը կշարունակվեն: «Չեմ կարծում, որ դա կլինի պաշտպանական պակտ, բայց մենք պատրաստվում ենք զարգացնել պաշտպանական հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք»,- ասել է Հանցը Reuters-ին: «Մենք ունենք հատուկ անվտանգության մեխանիզմ ստեղծելու գործընթաց, եւ այդ մեխանիզմի շրջանակներում կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները»,- ասել է նա:

Նա հասկացրել է, որ Իսրայելը չի առարկում ԱՄԷ-ին 50 Lockheed Martin F-35 կործանիչների վաճառքի դեմ, որ հաստավել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրերին: Գործարքն այժմ քննարկվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է պահպանի Իսրայելի «որակյալ ռազմական առավելությունը»։ Նա հիշեցրել է, որ կատարելագործված մարտական ինքնաթիռներն արդեն գտնվում են երկրի զինանոցում: