Իսրայելի գլխավոր դատախազը նախազգուշացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ նա չի կարող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կիսել Աֆրիկայի, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի դաշնակիցների հետ, եւ որ այդպիսի կարեւոր որոշումը չի կարող կայացվել միայն վարչապետի կողմից, հայտնում է AP-ը:

Պաշտոնական նամակում գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը պնդում է, որ Նեթանյահուն պետք է խորհրդակցեր կառավարության հետ նման որոշում կայացնելիս:

Անցյալ շաբաթ Նեթանյահուն հայտարարել էր Իսրայելի պատվաստանյութերի որոշ պաշարներ բաժանելու իր որոշման մասին, ինչը տարակուսանքի ալիք էր բարձրացրել: Որոշումն ավելի ուշ սառեցվել էր Իսրայելում առկա իրավական խնդիրների պատճառով: Սակայն պատվաստանյութերի հազարավոր չափաբաժիններ առաքվել էին Հոնդուրաս, եւ, ինչպես հաղորդվում է, նաեւ Չեխիայի Հանրապետություն:

Նեթանյահուն չի նշել այն երկրները, որոնց ինքը մտադիր էր պատվաստանյութեր տրամադրել, բայց իսրայելական հեռարձակողը հայտնել է, որ դրանց մեջ կան մի շարք երկրներ, որոնք սատարում են Իսրայելի հավակնությունները Երուսաղեմի՝ որպես իր մայրաքաղաքի հանդեպ:

Դեկտեմբերի վերջից աշխարհում պատվաստումների ամենահաջող արշավներից մեկում Իսրայելը կատարել է կորոնավիրուսի դեմ իր բնակչության կեսից ավելիի իմունիզացիա: Նեթանյահուն մարտի 23-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իր քարոզարշավի շրջանակներում երկրի պատվաստումների հաջողությունը համարում է անձնական ձեռքբերում: