Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ազատ արձակելու պահանջով ցույցի մասնակիցները ևս մեկ վրան են տեղակայել երկրի խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես փոխանցում է  Новости-Грузия-ն, այսօր տեղադրված վրանը 15-րդն է, որը վերջին օրերին հայտնվել է Թբիլիսիի կենտրոնում: Նշվում է, որ օրվա ընթացքում ոչ մեծ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Կոնֆլիկտային իրավիճակն արագ կարգավորվել է, ձերբակալություններ տեղի չեն ունեցել: Ընդդիմության ներկայացուցիչների կողմից վրանի տեղակայումից հետո ոստիկանները հեռացել են տարածքից:

Ցույցի մասնակիցների խոսքով՝ վաղը 12:00-ին նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ: Հաջորդ օրը նրանք մտադիր են ցույցը շարունակել խորհրդարանի մոտ, որտեղ լիագումար նիստ է նախատեսված:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն օրեր շարունակ պահանջում են Նիկա Մելիային ազատ արձակել: Վերջինիս ձերբակալել են փետրվարի 23-ին, երբ վերջնականապես հրաժարվել է վճարել իր համար սահմանված 40 000 լարիի գրավը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած խոշորամասշտաբ ցույցի կազմակերպման և անկարգություններ հրահրելու գործով: