«Փաստ» օրաթերթը գրում է. «Իլհամ Ալիեւի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց… ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից: «Նա (Ալիեւը-խմբ.) իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձեւով ստելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Ալիեւին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնավորաբար ասելով. «Ալիեւը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:

Սա ուշագրավ է այն տեսակետից, որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբեք չի հակադարձել Ալիեւին, որը հետեւողականորեն խայտառակ հայտարարություններ է անում ոչ միայն հենց Փաշինյանի, այլեւ Հայաստանի ու հայերի հասցեին:

Ավելին, մեր տեղեկություններով, նա ԱԳՆ-ին էլ թույլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հարցում: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական հեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպես նաեւ թուրք այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, նույնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինյանն արգելել է տարածել փետրվարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրույթ է առաջ բերել դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, սա միակ պատճառը չէ, այնպես որ, ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում