Բաղրամյան պողոտան այսօր` փետրվարի 26-ին, շարունակում է փակ մնալ: Ընդդիմությունը արդեն երկրորդ օրն է, ինչ վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում եւ շուրջօրյա ցույցեր է  անցկացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բաղրամյան պողոտայում գիշերը խաղաղ է անցել, այս պահին ցուցարարները բեմահարթակ են կառուցում: Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին հանրահավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, չհանդուրժելով ռուսական արտադրության «Իսկանդերի» արդյունավետությունը կասկածի տակ դնող իր հայտարարության հետ Տիրան Խաչատրյանի անհամաձայնությունը, երեկ ուշ երեկոյան հեռացրեց նրան ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Սա վերջնականապես լցրեց բանակի հրամկազմի համբերության բաժակը. առավոտյան  գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ ընդգծելով, որ վարչապետը որոշումը կայացրել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

«Վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝  զինված ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, որի զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքը, այդ թվում Արցախը»,– ասվում էր ԳՇ հայտարարությունում: