Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։

«Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որեւէ ինտեգրում, եւ մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»:

Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ եւ միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հակազդել է նաեւ Ալիեւի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, եւ պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին եւ զոհվածների մարմինները:

«Ալիեւը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաեւ՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք եւ տարեցներ) եւ բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- գրել է Բեգլարյանը:

Ըստ պաշտոնիայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիեւի կողմից ներկայացված Միշա Մելքումյանի եւ այլ դեպքերը:

«Հայատյացության մակարդակը Ալիեւի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ:

Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված եւ ագրեսիվ դրսեւորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների եւ հենց նախագահի կողմից»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

«Եթե Ալիեւն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին:

Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»»,- եզրահանգում է Բեգլարյանը:

Անդրադառնալով Արցախ մուտքի վիզայի վերաբերյալ Ալիեւի հոխորտանքին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը գրել է. «Ադրբեջանը չի կարող որեւէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում:

Դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին: Որեւէ միջամտություն անընդունելի է»։