Քաղաքական ուժերը պետք է մեծ ճնշումներ գործադրեն իշխանության վրա, որպեսզի հետագայում չբախվենք շատ ավելի վտանգավոր քայլերի: Այս մասին Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար  և  Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Զինվորականներն ասել են իրենց խոսքը, և ես չեմ բացառում, որ կանեն նաև հաջորդ քայլը, բայց շատ կարևոր է, որ տարբեր նախաձեռնությունների պայքարը պետք է լինի ճնշումներ բարձրացնելն այս իշխանության նկատմամբ և եթե չլինի քաղաքական լուծում, իրադարձությունները կտեղափոխվեն վտանգավոր դաշտ , և այս պահին քաղաքական ուժերը պետք է ճնշումներով ստիպեն իշխանությանը հեռանալ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց՝ եթե բանակն է հայտարարություն արել, նշանակում է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեծ կասկածի տակ է:

«Անկախ այն հանգամանքից՝ բանակի նկատմամբ  հնարավոր ճնշումներ են գործադրվում, խնդիրն այն է, որ ԶՈՒ-ն արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը, իսկ դա այն է, որ ներկայիս իշխանությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Երեկվա հայտարարությունը բացառիկ է ԶՈՒ և ԳՇ-ի համար, քանի որ բոլոր կարմիր գծերը հատվել են, և հասել ենք անվտանգության խոցելիության նվազագույն մակարդակին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը նաև մեկնաբանեց ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստը, որը չկայացավ, այն նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», « Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

«Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ իրականում ինքը քաղաքական հանգուցալուծման ճանապարհով խնդրի լուծման կողմնակիցն է, բայց  իրականում «Իմ քայլը» խմբակցության բոլոր գործողությունները, Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ցույց են տալիս, որ իրականում Փաշինյանը փորձում է քաղաքական գործընթացները տանել դեպի փակուղի»,- ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է բախումներ առաջացնել և սադրում է հասարակությանը:

«Նիկոլ Փաշինյանը փորձում է այս իրադարձությունները տեղափոխել հրմշտոցի, սադրանքների, բախման դաշտ և փորձում է այն խաղի կանոնները թելադրել, որտեղ ինքն իրեն ավելի լավ է զգում, և կա մեկ լուծում․ դա քաղաքական հանգուցալուծումն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և նրա քաղաքական թիմի հեռացումը»,- մեկնաբանեց Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 13:00-ին «Հանուն Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտայում իրականացնելու է հանրահավաք՝ հաջակցություն բանակի երեկվա հայտարարությանը, որով պահանջվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: