Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է. «Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»: