ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական հայտարարություն չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Եթե ուշադիր հետեւեք, այդ հայտարարոթյունում նրանք որեւէ կերպ իրենց աջակցությունը չեն ցուցաբերել 17 կուսակցություններին կամ որեւէ ուժի: Նրանք ուղղակի խոսել են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Դա պատճառ է, որ պետք է հրաժարական տա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հրաժարականի պահանջը եւս քաղաքական հայտարարություն է, Վայեցյանն արձագանքեց. «Մենք սովորական իրավիճակում չենք, արտառոց իրավիճակում ենք գտնվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո: Մարդիկ պետք է հասկանան, որ սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է հանուն հայրենիքի փրկության»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է թողնել ակցիաները եւ խորհրդակցություններ սկսել իրավիճակից դուրս գալու համար, Վանեցյանն արձագանքեց. «Ես հրապարակային կոչին եմ ծանոթ, անձամբ ինձ հետ եւ «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապ չի հաստատվել, չեն դիմել հանդիպելու: Մենք էլ հրապարակային պատասխանել ենք, որ այո, պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել իր հրաժարականի հարցը: Ուրիշ հարցի շուրջ հանդիպել, խոսել, իմաստ չունի»:

Ինչ վերաբերում է նրան, թե որոնք են լինելու իրենց քայլերը, եթե Փաշինյանը հրաժրական չի տալիս, Վանեցյանն ասաց. «Ես հիմա միայն իմ անունից եմ խոսում որպես պահեստազորի գեներալ Արթուր Վանեցյան: Ինձ համար հակասահմանադրական ճանապարհով ցանկացած քայլ անընդունելի է: Եթե ապստամբությունը դիտարկում ենք քաղաքական տերմինաբանության մեջ, դա քաղաքական տերմինաբանություն է: Ապստամբությունը, որին չեն հաջորդում հակասահմանադրական քայլեր, դա նորմալ իրավիճակ է: Սա էլ է ապստամբություն, որ քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան, մարդիկ չեն ենթարկվում իշխանություններին, երկրում անիշխանություն է»:

Նա չցանկացավ նշել իրենց քյալերի հաջորդականությունը՝ նշելով, որ այս պահին գնդակը ՀՀ նախագահի դաշտում է. «Նախագահն ունի այսօր լիազորություն, որ ինքը պետք է հանգուցալուծումը տա այս իրավիճակի: Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին եւ մի շարք գեներալների ազատման միջնորդությունն ուղարկվել է նախագահին, նա պետք է տա գնահատական: Ես հույս ունեմ, որ նախագահը տեսնում է՝ ինչ է կատարվում երկրում եւ նա որեւէ կերպ չի թելի իշխանությունների թելը, կիրականացնի սահմանադրության պաշտպանի իր լիազորությունները»:

Նա նաեւ հավելեց, որ ԳՇ պետին ազատել ինչ-ինչ դրդապատճառներով Սահմանադրությունը չի նախատեսում, դա հակասահմանադրական է. «Ուստի նախագահը պետք է առարկություններով հետ վերադարձնի այդ միջնորդությունը եւ եթե վարչապետը եւս մեկ անգամ ներկայանցի, նա պետք է այդ հարցով դիմի ՍԴ: Հույս ունեմ, որ նախագահն այդ ճանապարհով կգնա»: