Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ թե մինչեւ պատերազմը, թե պատերազմի ընթացքում եւ հատկապես պատերազմից հետո ականատես են եղել Փաշինյանի կողմից արված այնպիսի հայտարարությունների, որոնք ոչ միայն ուղղված էին արտաքին աշխարհում մեր դերակատարությունը նվազեցնելու, այլ նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ անելու.

«Մի քանի օր առաջ այս գլխավոր դավաճանը խոսեց մի կողմից ռուսական կարեւորագույն ձեռքբերում համարվող «Իսկանդերի» մասին՝ հեղինակազրկելով թե միջազգային հարաբերությունը 2 ռազմավարական գործընկերների միջեւ, թե նաեւ նսեմացնելով մեր բանակն ու զինված ուժերը։ Երեկ էլ հայտարարեց, թե Հայաստանում ռազմական հեղաշրջման կամ պետական հեղաշրջման փորձ է կատարվում։ Սրանով ոչ ավել ոչ պակաս այս մարդը Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տվեց։ Պարզ էր, որ առաջինը Փաշինյանին պետք է աջակցություն ցուցաբերեր Թուրքիայի ԱԳՆ-ն եւ նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ Հայաստանում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, որը Նիկոլ Փաշինյանն է. «Նա սահմանադրական կարգը տապալելով պետական հեղաշրջման միջոցով տիրացավ գործադիր իշխանության աթոռին եւ շարունակում է Հայաստանը դավաճանված պահել»։

Արծվիկ Մինասյանն ուղերձով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին. «Հիմա դիմում ենք ԱԳՆ-ի  ողջ աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել, բոլոր միջազգային կառույցներում եւ երկրներում, որտեղ գտնվում եք, պարտավոր եք հերքել, պարտավոր եք արձանագրել եւ փոխանցել բոլորին՝ ՀՀ-ում իշխանությունն այսուհետ պատկանում է արժանապատիվ ժողովրդին»։