«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով Արցախ և Հայաստան այցելած՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներն իր համերաշխությունն է հայտնում պատերազմից տուժածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Արցախ այցին ու տպավորություններին՝ Քուշները հայտնեց, որ այցելության նպատակը նախևառաջ պատերազմից տուժածներին,հիվանդներին աջակցություն ցուցաբերելն է:

Անվանի հումանիստ և բժիշկ Բեռնարդ Քուշներին արցախյան այցելության ընթացքում ուղեկցել են նաև մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն են ունեցել առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը,  վերականգնում՝ ենթակառուցվածքները և խթանում՝ տնտեսությունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնեցին, որ տեղական և միջազգային 57 նախագծերի իրականացմանը, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ, արդեն 581 հազար 740 ԱՄՆ դոլար է տրամադրվել,:

Ստեփանակերտում՝ Քուշներն ու նրա ուղեկիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին:«Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանը՝ «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր և դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշները:

Նրա  գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Ստեփանակերտի այն վայրերում, որոնք ամենաշատն են տուժել պատերազմից: Նրանք զրուցել են «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «HALO Trust»-ի, որը քաղաքացիական տարածքները վնասազերծում է կլաստերային ռումբերից և այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար: