Քաղաքացիական բախումների հավանականությունը կախված է իշխանությունից, և դա կլինի այս իրադարձությունների զարգացման ամենավտանգավոր և ամենաանհեռատես շարունակությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ոստիկանության շենքի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ:

«Ես ամեն դեպքում կցանկանամ, որ իշխանությունը ճիշտ գնահատեր ստեղծված իրավիճակը և գնար խաղաղ լուծումների, իսկ այս իրավիճակում չկա այլ լուծում, քան իրենց հեռանալն է։ Նրանք չեն հեռանում, դրանով իսկ մեծացնում են իրադարձությունների զարգացման այն սցենարները, որոնք կարող են հայ ժողովրդին նոր փորձությունների մեջ մղել»,- նշեց Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Գլխավոր շտաբը մեր երկրի անվտանգության զարկերակին տիրապետող առաջնային կառույցներից մեկն է, և այդ հայտարարությունը արտացոլում է սպառնալիքների այն մեծ շղթան, որն այսօր ստեղծվել է հետպատերազմական վիճակում։

«Նախընտրելի էր, որ այս հայտարարությունը լիներ ավելի վաղ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո Գլխավոր շտաբը և մեր զինվորականները աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, և այս ամբողջ ինֆորմացիան վերլուծելը և ելքեր փնտրելը ժամանակատար է եղել։ Մեր Գլխավոր շտաբը չի ունեցել այլ ճանապարհ, քան գնալն էր այս ճանապարհով։ Սա ռազմական հեղաշրջում։ Ցանկացած պարագայում իշխանությունը պնդելու է ռազմական հեղաշրջման մասին, որովհետև նրանց անհրաժեշտ է պարարտ հող ժողովրդին իր տարբեր խմբերի հետ հրահրման տանելու և ձերբակալումներ կազմակերպելու համար։ Այսօր այս անկման ընթացքը կանգնեցնելու դերը ստաձնել են զինվորականները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի համար այժմ միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները կատարելն է։

«Արայիկ Հարությունյանն այս իրավիճակում ունի մեկ խնդիր՝ չտրվել սադրանքներին և չկատարել Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները։ Արցախի ղեկավարության նվազագույն խնդիրն է մնալ այն դերում, որում միշտ եղել է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ այն, որ շատերը չեն ցանկանում, որ իրենց զավակները ծառայում են Արցախում, իշխանության վարած քաղաքականության արդյունք է։

«Մի կողմից ցանկություն կա օբյեկտիվ մոտենալու մարդկանց մտահոգություններին, մյուս կողմից, հաշվի առնելով մարտահրավերները, գիտակցում ես, թե դա ինչ նոր կարմիր գծերի անցման է բերելու»,- ավելացրեց Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ոստիկանության շենքի առջև և պահանջում են հետևել Գլխավոր շտաբի օրինակին՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։