Բացառվում է. եթե այդպիսի դիմում ներկայացնեք, ես հաճույքով դրան կպատասխանեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե շատ ոստիկաններն ուզում են ազատվել համակարգից, բայց նրանց դիմումները չեն ընդունվում:

«Ցանկացած դիմումի հստակ ընթացք է տրվում, մենք պահելու ենք խնդիր չունենք, որ թաքցնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե ոստիկանությունը բողոքի ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ է կիրառում, քաղաքական պատվեր է կատարում, Ֆիդանյանըպատասխանեց. «Բոլոր այն դեպքերը, որոնք որ առերեւույթ կարող են առկա լինել, բոլոր այդ դեպքերով նշանակված է ծառայողական քննություն: Ավելին ասեմ, արդյունքներում  չի բացառվում, որ կփոխանցվեն ՀՔԾ: Բայց պետք է նայենք նաեւ մյուս կողմից: Ռուսները մի լավ արտահայտություն ունեն՝ «Игра на зрителя»: Շատ դեպքերում շոուներ են սարքվում:

Մենք ապահովում էինք հասարակական անվտանգությունը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ դեպք չի կարող անհետեւանք մնալ: Ոստիկանների մեծ քանակը չի նշանակում, որ բիրտ ուժ է կիրառվում:

Ոստիկանությունն անհամաչափ ուժ չի կիրառել: Եթե բերման ենթարկելու ընթացքում բերման ենթարկվող անձը ենթարկվում է ոստիկանի պհանջին, այստըեղ որեւէ խնդիր չի առաջանում: Իսկ յն դեպքերում, երբ փորձում է դիմադրել, չենթարկվել, բերման է ենթարկվում»:

Լրագրողների պնդմանը, որ ակցիաներից մեկի ժամանակ քաղաքացին խելոք կանգնած էր, ոստիկանները մի քանի հոգով հարձակվում են, ձեռքերը ոլորելով տանում, նա արձագանքեց. «Հնարավոր են դեպքեր, սակայն դրանցով իրականացվում են ծառայողական քննություններ: Արդյունքների մասին մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»: