Տեղյակ եք, որ նաեւ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձեւաչափի եւ ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն եւ այդ քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն եւ պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որեւէ անելիքի մեջ թերացել են»,-ասաց նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Աբու Դաբիում անցկացվել է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին պետք է մասնակցեր նաեւ Հայաստանը: Սակայն հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության, մասնակցել է միայն բուկլետներով:

Ավելի ուշ ԲՏԱ նախարարությունը պարզաբանել էր, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: