Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկիրը ռազմական դրության իրավիճակում է: Արտաքին վտանգը իրական է՝ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները:
Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը. չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ. անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:
Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:
Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:
Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում»