Կայացել է Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսոազրույցը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքը։

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանգստության պահպանման, ինչպես նաև իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու օգտին։ Հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Նշենք նաև, որ «Արմենպրես»-ը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Սակայն ուշագրավն այն է, որ հայկական կողմի՝ այսինքն՝ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշել է, որ Պուտինն իր աջակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ, այնինչ ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում որևէ խոսք չկա Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու վերաբերյալ։