Փետրվարի 15-ից մինչեւ 21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների քանակը՝ 20 տոկոսով:

Հիվանդացության նվազումը տեղի է ունենում վեցերորդ շաբաթն անընդմեջ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը փետրվարի 24-ին հրապարակվել է Ժնեւում։

«Աշխարհում վարակման նոր դեպքերի մասին հաղորդումների թիվը նվազում է վեցերորդ շաբաթն անընդմեջ, դրանք 11 տոկոսով պակաս են արձանագրվել»,- նշել են ԱՀԿ-ում:

Անցած շաբաթ արձանագրվել է 2 457 026 վարակված եւ 66 359 մահացու վախճան: Փետրվարի 21-ի դրությամբ աշխարհում եղել է ախտահարման 110 763 898 դեպք եւ հիվանդների մահվան 2 455 331 դեպք: Անցած շաբաթ հիվանդացության անկումն առանձնապես նկատելի է եղել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (19 տոկոսով), Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (9 տոկոսով), Եվրոպայում (7 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (7 տոկոսով):

Այդ տարածաշրջաններում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 23, 6, 19 եւ 3 տոկոսով: Մահացության նվազում է արձանագրվել նաեւ Աֆրիկայում (20 տոկոսով) եւ Հարավ-արեւելյան Ասիայում (6 տոկոսով):

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1,06 միլիոն մարդ եւ ավելի քան 34 հազարը՝ մահացել: Եվրոպայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 939 հազար նոր դեպք եւ 24 հազարից ավելի մահացու վախճան: Արեւելյան Միջերկրականում բժիշկները հայտնաբերել են 181 հազարից ավելի վարակված, մահացել է ավելի քան 2,4 հազար մարդ:

Մեկ շաբաթում ԱՄՆ-ում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 480 հազարով: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 316 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 131 հազար), Ռուսաստանը (ավելի քան 92 հազար), Հնդկաստանը (ավելի քան 86 հազար), Իտալիան (ավելի քան 84 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 78 հազար), Չեխիան (ավելի քան 65 հազար), Ինդոնեզիան (ավելի քան 60 հազար), Իրանը (ավելի քան 55 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: