ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կրակելու վերաբերյալ իր աղմուկ հանած հայտարարությանը, նշել է.

«Պետության խնդիրը ո՞րն է. պահպանություն, պաշտպանելու համար պետությունը այդ կառույցներին տվել է բոլոր իրավասությունները, ընդհուպ մինչեւ կրակելու: Դրա մասին է խոսքը եղել: Բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա: Քոչարյան Անդրանիկը հո հոգեկան հիվա՞նդ չէ որոշ մարդկանց պես, որը կայծակնային արագությամբ շենքերի գրավում է նախատեսում: Մոռացե՞լ եք՝ մինչ այդ ինչ է եղել մեր պետության մեջ: Հոկտեմբերի 27-ը մոռացաք, «Դրո» կառույցը մոռացաք… Ես ուզում եմ մեկ այլ կառույցի մասին էլ շեշտեմ, որը կարող է վտանգ հանդիսանալ: «Նեմեսիս» կառույց էլ կա… Ում մասին որ ասում եմ, այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան՝ ես ինչ ասացի: Թող խելքները գլուխները հավաքեն: Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի հետ անցկացվող զուգահեռներին՝ Քոչարյանը հիշեցրել է, որ 2008 թվականին ժողովուրդը որեւէ պետական շենքի վրա հարձակում չի գործել, այլ խաղաղ հավաքների ժամանակ է ենթարկվել հարձակման:

«Եվ այդ քննությունը, որը պարոն Ռոբերտ Քոչարյանը եւ իր փաստաբանական թիմը ամեն ինչ անում է, որ դատաքննությունը չսկսվի, ինչի՞ համար է: Որպեսզի ժողովուրդը չտեսնի՝ իրականում ինչ է եղել»:

Հիշեցնենք, Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր.

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եվ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։