Քննչական կոմիտեն գաղտնի է պահում պատերազմում զոհված զինծառայողների աճյունները սխալ հուղարկավորման դեպքերը։ Մասնավորապես, շաբաթներ առաջ NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե պատերազմի մեկնարկից մինչև այս տարվա փետրվարի 1–ը  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 219–րդ հոդվածի հիմքով՝ 2020 թվականի պատերազմի զոհերի դիակների արտաշիրիմում իրականացնելու վերաբերյալ քանի որոշում է կայացվել և արդյոք պարզվել են սխալմամբ այլ դիակ հուղարկավորելու դեպքեր։ Կոմիտեից պատասխանել էին, որ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմինը քննության այս փուլում  նպատակահարմար չի գտնում տրամադրել հարցվող տեղեկատվության վերաբերյալ տվյալներ։

Մեր տեղեկություններով՝ մինչեւ օրս հանրապետությունում զինծառայողների աճյունների սխալ հուղարկավորման առնվազն մեկ տասնյակ դեպք է տեղի ունեցել, որից միայն 4–ը Լոռու մարզում։ Արդյունքում արտաշիրիմումներ են իրականացվել թե՛ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և թե մարզերում գտնվող գերեզմանատներում, սակայն բոլոր դեպքերը կատարվել են գաղտնի պայմաններում՝  քննիչների և հարազատների ներկայությամբ։ Մասնավորապես՝ նախորդ տարի «Եռաբլուրում» սխալմամբ հուղարկավորել էին մայոր Հարություն Նալբանդյանին։ Վերջինիս հոր՝ Գևորգ Նալբանդյանի պնդմամբ քրեական գործ էր հարուցվել և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ հունվարի 21–ի լույս 22–ի գիշերը արտաշիրիմում իրականացվել։ ԴՆԹ հետազոտության արդյունքում զոհի աճյունը նույնականացվել էր և նրան հուղարկավորել են Վանաձորի հերոսների պանթեոնում։ Ուշագրավ է, որ Հարություն Նալբանդյանին Արցախից Հայաստան են բերել փակ դագաղով  և առանց ԴՆԹ հետազոտության հուղարկավորել մեկ այլ զինծառայողի անվան տակ։

Նմանատիպ դեպքերի արդյունքում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հրապարակային ելույթներում բազմիցս կասկածի տակ են դրել զոհերի ԴՆԹ հետազոտությունների արդյունքների արժանահավատությունը։ Օրինակ, մեկ ամիս առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը նշել էր.  «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։ Ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է։ Նկատենք, որ սխալ հուղարկավորման դեպքերի մեծ մասը կապված է զոհերի անճանաչելի մարմիններն առանց ԴՆԹ հետազոտության ճանաչելու հետ։