2021 թվականին նախատեսված Պետդումայի ընտրությունները պետք է պաշտպանված լինեն ցանկացած սադրանքներից և երկրում կայունությունը խարխլելու փորձերից: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում, գրում է «Независимая газета» պարբերականը:

«Պետդումայի ընտրությունները տեղի են ունենալու այս տարի: Քաղաքացիների ազատ, ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում իրենց ներկայացուցիչներին ընտրելու սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն ցանկացած սադրանքներից»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նա կոչ է արել հստակ գիծ սահմանել բնական քաղաքական մրցակցության և «գործողությունների միջև, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության հետ»: ՌԴ նախագահն, ընդհանուր առմամբ, պահանջել է զսպել «Ռուսաստանի ժողովրդի`իր ապագան որոշելու իրավունքը դրսից յուրացնելու ցանկացած փորձ»: