2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հրապարակեց վճիռը։ Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման․ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Գագիկ Եղիազարյան դատապարտվեց 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝  9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը։ Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ: Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով: Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և համաներումն այս դեպքում չգործեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է դիպուկահարի կրակոցից։ Խմբի անդամներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։