Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գասպարյանի աշխատասենյակի ընդունարան: Այստեղ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռեկտորին փոխանցեք. «Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է, որ բոլոր գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները միանան շարժմանը»:

Դա ասելուց հետո նրանք դուրս եկան ընդունարանից:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ թեեւ իրենց թույլ չէին տալիս մտնել բուհի տարածք, սակայն իրենք արդեն մտել են, որովհետեւ «Հայաստանում իշխանությունն արդեն պատկանում է արժանապատիվ հայ ժողովրդի արժանապատիվ հայ երիտասարդներին: Մենք փորձեցինք այցելել ռեկտորին, պրոռեկտորներին, որ հասկանանք, թե ինչու թույլ չեն տալիս երիտասարդները մտնել բուհի տարածք, բայց նրանք այստեղ չեն:

Ակցիայի մասնակիցները մտնում են լսարաններ, որտեղ դասապրոցես է ընթանում եւ կոչ են անում միանալ իրենց պայքարին՝ հեռացնելու այս իշխանություններին:

Ներկաներից մեկը գրատախտակին գրեց «Նիկոլ դավաճան»:

Քիչ անց նրանք դուրս եկան Տնտեսագիտական համալսարանի շենքից:

«Մենք այսօր 2 բուհ վերցրեցինք, երկու բուհ մտանք եւ արձանագրեցինք, որ բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ միանում են մեր պայքարին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը համաձայնեց, որ պետք է իշխանությունները հեռանան: Մենք ցանկացած շենք, ցանկացած կռույց երբ ուզենանք, կմտնենք եւ դուրս կգանք: Թող գան ու կրակեն մեր վրա: Մեզ կրակոցներով ու բերդերով չեն կարող վախեցնել»: