ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամուր առողջություն ունի եւ նախընտրում է արարողություններին մասնակցել առանց գլխարկի, ինչպիսի ցուրտ էլ որ լինի: Այսօր այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով փաստը, որ փետրվարի 23-ին Պուտինը, չնայած 20 աստիճան սառնամանիքին, Ալեքսադրովյան այգում Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ է դրել գլխարկ չդրած, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դուք գիտեք, որ նա ամուր առողջությհուն ունի, եւ այո, ցավոք, չնայած սառնամանիքին, նա առավել հաճախ, հատկապես այդպիսի հուզիչ արարողակարգերի պահերին, այնուամենայնիվ, նախընտրում է գլխարկ չդնել»,- ասել է Պեսկովը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Կրեմլում ո՞ւմ կարելի է բողոքել սառնամանիքին նախագահի առանց գլխարկի ներկայանալու պատճառով՝ Անվտանգության ծառայությա՞նը, Գործերի վարչությա՞նը, արարողակարգի՞ն, թե՞ նախագահի մամուլի քարտուղարին, Պեսկովն առաջարկել է բողոքել «հիշատակված բոլորին»: «Մենք անպայման ձեր մտահոգության մասին կհայտնենք պետության ղեկավարին: Մեզ իսկապես անչափ տպավորում է նրա առողջության վերաբերյալ ձեր մտահոգությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: