ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ:

Տնտեսավարողների խմբերին են ներկայացվել նրանց գործունեության ոլորտների հիմնական ռիսկերը, որոնք վերաբերում են հարկային պլանավորման չարաշահման դեպքերին, գործոնեության տարածքների վարձակալության թերհայտարարագրմանը, իրացման շրջանառության թերհայտարարագրմանը, մասնավորապես, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարմանը։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ  Արթուր Հարությունյանը, արձագանքելով  հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների այն մտահոգությանը, որ COVID-19-ի պայմաններում աշխատում են վնասով, նշել է, որ հարկման հատուկ համակարգով աշխատելը  նրանց ընտրությունն է։

ՊԵԿ-ն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որտեղ կարևորը ոչ թե խախտումների բացահայտումը կամ ակտերի կազմումն է, այլ առկա խնդիրների մասով կանխարգելիչ միջոցառումները։ Առանձանցնելով աշխատավարձերի թերհայտարարագրման խնդիրը՝ Հարությունյանը կոչ է արել հարկ վճարողներին աշխատավարձերը բերել իրական հարկման դաշտ, աշխատանքի վրա ծախսվող միջոցներն ամբողջությամբ հայտարարագրել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն ընդգծել է՝ այսօր ՊԵԿ-ն ունի այնպիսի մասնագետներ, որոնք հստակ տիրապետում են, թե՛ հարկ վճարողների ցանկին, թե՛ նրանց վարքագծին, թե՛ համապատասխան օրենսդրությանն ու ռիսկերին։

Անդրադառնալով հատկապես անապրանք գործարքներին՝ Չարխիֆալակյանը նշել է, որ տնտեսավարողները պետք է զերծ մնան նման անթույլատրելի գործողություններից, քանի որ այս դեպքում հաճախ պետությունը կրկնակի վնաս է կրում։ Նման խախտումը կարգավորվում է քրեական օրենսգրքով և հանդիսանում է ծանր հանցագործություն։

ՊԵԿ մասնագետները անդարադարձել են նաև  որոշ ապրանքների առանց պիտակ ցուցադրմանը և վաճառքին, բարձր քաշով ապրանքի պիտակավորմանը ցածր քաշով ապրանքի պիտակով, ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի ոչ հստակ նկարագրությանը, չհիմնավորված զեղչերին և մի շարք այլ խնդիրների, որոնք այսօր առավել ռիսկային են դարձնում տնտեսավարողների գործունեությունը։