Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:

«Ցույց ենք տալու թե՛ հանրությանը, թե՛ ԱԱԾ ծառայողներին, թե ով է իրականում Արա Սաղաթելյանը, ինչպիսի մեծ ներդրում ունի նա հակաադրբեջանական քարոզչության գործում, ինչքան ջանքեր է գործադրել, որպեսզի տարիներ շարունակ հայկական դիրքորոշումը մշապես հասկանալի ու ընկալելի լինի հակամարտությամբ զբաղվող բոլոր կողմերի համար», — լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։

Նա ասաց՝ իրենց հետ նյութեր են բերել, որոնք կհանձնեն ԱԱԾ-ին, որ հասկական, թե ում հետ գործ ունեն։

Քաղաքագետը նշեց՝  շատ է ցավում, որ Հայաստանի անվտանգությամբ զբաղվող հիմնական կառույցը փաստացի ծառայում է «դավաճանի իշխանությանը»։

«Ամեն ինչ անում են, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի սկսած դավաճանությունը մինչև վերջ տեղ հասնի ու այն մարդիկ, ովքեր կարող են լուծումներ գտնել, մեկուսացվում են», — ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն գաղտնալսել ու հետևել է Սաղաթելյանին պատերազմի օրերին, այն օրերին, երբ վերջինս Ստեփանակերտում աշխատում էր միջազգային լրատվամիջոցների հետ։

«Ուկրաինական մամուլը պատերազմի առաջին օրերից լցված էր հակահայկական քարոզչությամբ: Ըստ էության, մի գիշերվա ընթացքում Սաղաթելյանը կարողացավ իրավիճակ փոխել ու արդեն իսկ տալ առաջին իրավիճակը շտկող նյութը», — ասաց քաղաքագետը։

Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի դեմ քարոզչությունը Հայաստանում արդեն քրեորեն պատժելի երևույթ է դառնում։

Քաղաքագետը պնդեց՝ Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է։

«Պատերազմից հետո առաջին քաղբանտարկյալն է Հայաստանում։ Արա Սաղաթելյանն այսօր հետապնդվում է մի բանի համար, որ ինքն ամբողջ կյանքում եղել է Արցախի շահերի պաշտպանն ու Ադրբեջանի քարոզչական դաշտում հիմնական թշնամիներից մեկը», — ասաց նա։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվելԱրամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: