Հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում եւ ձերբակալել կուսակցության նախագահ Նիկա Մելիային, փոխանցում է «Sputnik Գրուզիան»:

«Գրասենյակի մոտ են հավաքված շտապօգնության բազմաթիվ բրիգադներ եւ պարեկային ոստիկանությունը: Հատուկջոկատայինները ներխուժեցին այն սենյակ, որտեղ Մելիան էր, եւ նրան ձերբակալեցին: Իրավապահներն օգտագործեցին պղպեղի գազ»,- հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Մելիան, լինելով նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահը, մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ, ցույցերը սկսվել էին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի երկիր այցից հետո: Դատարանը նրան սկզբում գրավով ազատել էր՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որը ընդդիմադիրն ավելի ուշ ցուցադրաբար հանել էր, ինչի համար նրա նկատմամբ նոր գրավ էին ընտրել: Մելիան հրաժարվել էր վճարել դրամական գրավը, որից հետո խորհրդարանը նրան զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ դրանով թույլատրելով ընդդիմադրի կալանավորումը: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր կուսակցության գրասենյակում, դրսից նրան պահպանում էին մյուս ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ Մելիային չեն հանձնի ոստիկանությանը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարում ընդդիմադրի ձերբակալությունը, որը, նրա կարծիքով, կարող էր երկրում առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էսկալացիա առաջացնել: Վրաստանի ՆԳՆ-ն վարչապետի հրաժարականից հետո կասեցրել էր Մելիային ձերբակալելու գործընթացը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը Գախարիայի փոխարեն առաջադրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որը երկուշաբթի ուշ երեկոյան նշանակվել էր վարչապետի պաշտոնում: