Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունը ծառայողական քննություն է սկսել Ավանի փոխթաղապետի նկատմամբ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը։ Խոսքը՝ Ներսես Պողոսյանի մասին է, ով երեկ ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում էր արել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ։ Գրառմանն արձագանքել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրապարակային կոչ էին արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անհապաղ աշխատանքից հեռացնել Պողոսյանին՝ պետական ծառայողին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու համար։ Ավանի փոխթաղապետի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել էր նաեւ Արփինե Հովհաննիսյանի ամուսինը, որից հետո Պողոսյանը նախ գրառում արեց, թե հեռացնում է «ստատուսը», որից հետո փակեց նաեւ ֆեյսբուքյան իր էջը։

Irakanum.am-ը երեկ գրել էր, որ առողջական խնդիրների պատճառով արձակուրդում գտնվող Ներսես Պողոսյանն այլեւս աշխատանքի հետ չի վերադառնա։

Հավելենք, որ Ներսես Պողոսյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Նա ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար ընդդիմադիր գործիչների հասցեին վիրավորական գրառումներ է անում։ Պողոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Ուշագրավն այն է, որ երեկվանից ՔՊ որեւէ ներկայացուցիչ չանդրադարձավ Պողոսյանի գրառմանն ու չդադապարտեց նրա վարքագիծը։

Irakanum.am