Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին,այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանի տեղաշարժումը խոչընդոտելու համար ակցիա է իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։

Լարված իրավիճակ է կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։

Իր գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված է. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Վնասվածք է ստացել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Ոստիկանները նրան վնասել են, երբ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել։